Նորություններ

Ինչո՞վ է վտանգավոր բարձր խոլեստերինը

Հեղինակ Medlist

Խոլեստերինը միացություն է, որն առկա է մարդու յուրաքանչյուր օրգանում եւ մկանում: Այսպես ասած, վատ խոլեստերինի մակարդակի փոփոխությունը, որպես կանոն, նկատվում է այն ժամանակ, երբ մարդու մոտ զարգացած է լինում որեւէ լուրջ հիվանդություն: Խոլեստերինի բարձր մակարդակը արյան մեջ հանդիսանում է սիրտ-անոթային հիվանդությունների գլխավոր պատճառը:

Մարդը խոլեստերինի 20%-ը ստանում է սննդի միջոցով, մնացած 80%-ը սինթեզվում է օրգանիզմում՝ դառնալով «լավ» կամ «վատ» խոլեստերին:

Կարեւոր է իմանալ, թե որ խոլեստերինի մակարդակն է բարձրացել, քանի որ «լավ» խոլեստերինը կարող է բարձր լինել որքան ասես, սակայն եթե բարձր է «վատ» խոլեստերինի մակարդակը, սա մտածելու տեղիք պետք է տա:

Խոլեստերինի բարձր մակարդակը կարող է փոփոխություն առաջացնել անոթների աշխատանքում, մասնավորապես՝ հանգեցնել աթերոսկլերոզի :

Աթերոսկլերոզը սկզբանական փուլում որեւէ կերպ չի արտահայտվում: Ախտանշանները հայտնվում են, երբ անոթը սեղմված է լինում մոտ 80%-ով: Սրա ֆոնին էլ հենց ի հայտ են գալիս սուր իշեմիայի ախտանշանները: Դա կարող է լինել ինսուլտ, ինֆարկտ, ստենոկարդիա: Եթե սեղմվում են հիմնականում ստորին վերջույթների անոթները, առաջանում է կաղություն: Այսինքն՝ պացիենտը քայլելիս ցավ է զգում ոտքերում, հենց կանգնում է, ցավն անցնում է:

Խոլեստերինի բարձր մակարդակի դեպքում պացիենտին նշանակվում է համապատասխան դիետա, իսկ առողջական խնդրից ելնելով՝ նշանակվում են համապատասխան դեղամիջոցներ: