Նորություններ

Առաջին անգամ Սիսիան ԲԿ-ում կատարվել է արթրոսկոպիկ վիրահատական միջամտություն

Հեղինակ Medlist

Առաջին անգամ Սիսիան ԲԿ-ում կատարվել է արթրոսկոպիկ վիրահատական միջամտություն։ Արդյունքում պացիենտը իր ապաքինումը հրաշք է համարում։

Երեկ Սիսիանի ԲԿ-ում կատարվել է ձախ ծնկահոդի արթրոսկոպիկ վիրահատություն։ Պացիենտի մոտ առկա էր ձախ ծնկահոդի զույգ մահիկների (մենիսկների) դեգեներատիվ վնասվածք և խրոնիկական սինովիտ, ինչի արդյունքում հիվանդը գանգատվում էր ձախ ծնկահոդի սաստիկ ցավից , ծնկի ծալիչ և տարածիչ ֆունկցիայի խանգարումից, ինչպես նաև քայլքի խանգարումից:

Խնդիրը արմատապես լուծվել է վիրահատական միջամտությամբ։ Մասնավորապես սպինալ անեսթեզիայի տակ ձախ ծնկահոդի շրջանում կատարվել է 2 հատ 5մմ-ոց կտրվածք, որոնց միջով միկրոսկոպիկ տեսախցիկով հայտնաբերվել է խնդիրը: Այնուհետև համապատասխան գործիքների միջոցով կատարվել է միջային մահիկի վնասված հատվածների հեռացում, մարմնի պլաստիկ մոդելավորում և հաստացած սինովիալ թաղանթների ենթաամբողջական հեռացում:

Այսօր հիվանդն արդեն իսկ դուրս է գրվել հիվանդանոցից և առանց օգնության սեփական ուժերով ճանապարհվել տուն:
Ձեր առողջությունը մշտապես մեր բժիշկների ուշադրության և հոգատարության կենտրոնում է։