Նորություններ Վիրահատություններ

«Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրում կատարել են բարդ վիրահատություն

Հեղինակ Medlist

Երեկ ԵՊԲՀ «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիրի նյարդավիրաբուժության և գլխուղեղի կաթվածի բուժման մասնագիտացված կենտրոնում նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանի և Լեռնիկ Գրիգորյանի կողմից հաջող կատարվեց ուղեղի առաջային կապակցող զարկերակի անևրիզմայի կլիպավորում (բաց մուտքով վիրահատություն)։

 Անևրիզման զարկերակի պատի արտափքումն է, որը զարգանում է, երբ արյունատար անոթի թուլացած պատում ձևավորվում է արյունով լցված փոքր պարկ:
Ուղեղի անոթների անևրիզման բավականին տարածված հիվանդություն է, կանանց մոտ հանդիպում է ավելի հաճախ։

Անևրիզմայի պատռումը գլխուղեղի կաթվածի՝ ինսուլտի, տեսակներից մեկն է. պատռվելու դեպքում զարգանում է արյունազեղում գլխուղեղի շուրջ, ինչը անհետաձգելի բուժօգնություն պահանջող կյանքին սպառնացող վիճակ է: 

ՊԱՏՃԱՌՆԵՐԸ.
1️⃣ Ծխելը
2️⃣ Զարկերակային գերճնշումը
3️⃣ Ժառանգականությունը. որոշ մարդիկ ծնվում են ուղեղի անոթների թուլացած պատով։

Հունվար ամսին հիվանդը շտապ օգնության մեքենայով գլխուղեղի կաթվածի կասկածով բերվել էր «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ և ախտորոշվել էր նշված զարկերակի անևրիզմայի պատռում և հեմոռագիկ ինսուլտ։ Նյարդավիրաբույժներ Սևակ Բադալյանին և Լեռնիկ Գրիգորյանին հաջողվեց կատարել պատռված անևրիզմայի ներանոթային օբլիտերացիա միկրոպարույրներով և փրկել հիվանդի կյանքը։

Ապա, ամիսներ շարունակ, պարբերական դինամիկ հսկմամբ հայտնաբերվեց, որ անևրիզման շարունակում է աճել և կա կրկնակի պատռման վտանգ։ Այդ կապակցությամբ որոշվեց կատարել անևրիզմայի վզիկի կլիպավորում նկարում ցույց տրված բաց վիրահատական մուտքով։

Գրեթե հինգ ժամ տևած վիրահատության արդյունքում կլիպավորվեց անևրիզմայի վզիկը, և այն այլևս չի կարող դառնալ կաթվածի պատճառ։
Հիվանդի վիճակը լավ է, մի քանի օրից նա դուրս կգրվի հիվանդանոցից և կվերադառնա իր բնականոն կյանքին։