Նորություններ

Արտասովոր դեպք Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում

Հեղինակ Medlist

20019 թ. Ս.Վ.Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնի աչքի բորբոքային հիվանդությունների բաժանմունք էր դիմել 53 տարեկան տղամարդ՝ գանգատվելով վերջին 1 ամսվա ընթացքում ձախ աչքից չդադարող թարախային արտադրությունից:
Օբյետիվ՝ ակնաճեղքից առկա էր թարախային արտադրություն, սկլերայի կակղեցում, լիզիս, նեկրոզ, լիմբի և պերիֆերիկ եղջրենու խոցոտում :

Հիվանդի մոտ ախտորոշվել էր ինֆեկցիոն սկլերիտ, որն ուներ երկրորդային բնույթ, քանի որ հիվանդն անամնեզում նշում էր աջ աչքի տարած սկլերիտ՝ սպիտապատյանի բորբոքում: Ըստ բակտերիաբանական հետազոտության ինֆեկցիոն պրոցեսի հարուցիչն էր ոսկեգույն ստաֆիլոկոկը: Նշենք, որ ինֆեկցիոն սկլերիտը հազվադեպ հանդիպող հիվանդություն է ՝ կազմում է սկլերիտների ընդամենը 4-10% -ը։

Հիվանդին նշանակվել էր պաթոգենետիկ բուժում՝ տեղային անտիբիոտիկոթերապիա և համակարգային իմունոսուպրեսիա, ինչի շնորհիվ 1 ամիս անց ինֆեկցիոն սկլերիտը լիովին բուժվել էր ։ Հիվանդին ցուցված էր շարունակել իմունոսուպրեսիվ թերապիան` հիվանդության ռեցիդիվից (ախտադարձ) խուսափելու համար։ Սակայն,որոշ ժամանակ անց, հիվանդն ինքնուրույն դադարեցրել էր դեղորայքի ընդունումն ու վերադարձել կլինիկա` իմուն սկլերիտի ռեցիդիվով։ Հիվանդին կրկին նշանակվել էր իմունոսուպրեսիվ բուժում և կատարվել վիրահատություն՝ ամնիոտիկ թաղանթի տրանսպլանտացիա (փոխպատվաստում): Բուժման սկզբից 1,5 ամիս անց հիվանդը լիովին առողջացել էր:

Արդյունքը

Շնորհիվ ճիշտ ախտորոշման և պատճառագիտական բուժման հնարավոր եղավ հասնել առողջացման և խուսափել հիվանդության հնարավոր բարդություններից:
Հիվանդը շարունակում է գտնվել հսկողության տակ, ինչպես նաև ընդունել համակարգային իմունոսուպրեսիվ դեղորայքի պահպանողական դեղաչափ ` հիվանդության ռեցիդիվից խուսափելու և կայուն ռեմիսիայի հասնելու համար։