Բժիշկներ Նորություններ

Բժիշկները շտկել են բնածին արատը` վերականգնելով բացակայող ականջախեցին

Հեղինակ Medlist

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնի պլաստիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ Ռաֆիկ Շահպարոնյանը 2019 թվականի Միջկովկասյան պլաստիկ վիրաբույժների ամենամյա կոնֆերանսին է ներկայացրել կենտրոնում իրականացված մի վիրահատության պատմություն:

Պացիենտն ունեցել է ականջախեցու բնածին բացակայություն: Զննման, հետազոտման և անամնեզի արդյունքում ախտորոշվել է 3-րդ աստիճանի բարդության միկրոտիա: Այն հանդիպում է 8,000-10,000 ծնունդը մեկ անգամ, բնածին արատ է, ուղեկցվում է ականջախեցու ձևախեղումով , կամ` բացակայությամբ:

Պացիենտի հետ հնարավոր լուծումները քննարկելով` որոշվել է իրականցնել ականջախեցու ձևավորում սեփական կողաճառից: Վիրահատությունը մի քանի փուլով է ընթանում: Ընդհանուր անզգայացման տակ կատարվել է կողաճառից ականջախեցու ձևավորում և մաշկային գրպանիկի մեջ ֆիքսում:

Երկրորդ փուլով երկու ամսից կատարվել է սերտաճած ականջախեցու անջատում մաշկից և մաշկային հատվածի ձևավորում: Երրորդ փուլում շտկել են մյուս ականջի լոշտակությունը` սիմետրիալ նպատակով: